Ցուցումներ հիվանդների համար՝ ռինոպլաստիկայից հետո
Ա. Ներածություն
Խնդրում ենք ծանոթանալ այս ցուցումներին՝ ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո: Հետևողականորեն կատարելով նշված ցուցումները՝ դուք կնպաստեք լավագույն արդյունքի ստացմանը: Հարցերի առաջացման դեպքում դուք կարող եք ցանկացած ժամանակ կապնվել ինձ հետ և քննարկել ձեզ հուզող հարցերը:
Վիրահատության օրը բերեք այս թերթիկը ձեզ հետ և սկսեք հետևել ցուցումներին:
Բ. Ցուցումներ
Քթանցքներն ու կարերի շրջանը սրբեք ջրածնի պերօքսիդի 3% լուծույթով ներծծված բամբակյա փայտիկներով (ականջի համար )՝ 2-3 անգամ:
Օրը 2-3 անգամ քթի մեջ փչեք՝ օտրիվին (6 օր):
Ցուցումներին հետևելու շրջանում քիթը փչելով մի մաքրեք. անհրաժեշտության դեպքում կարելի է մաքուր թաշկինակով նրբորեն սրբել:
Պետք եղած դեպքում փոխեք քթի վիրակապը:
Գիպսե վիրակապը պիտի մնա առնվազն 1 շաբաթ: Այն հեռացվում է կլինիկայի պայմաններում: Խուսափեք գիպսին դիպչելուց և պահեք այն չոր:
Խուսափեք այնպիսի սննդի օգտագործումից, որը անհրաժեշտ է երկար ծամել: Սննդի օգտագործման այլ սահմանափակումներ չկան:
Խուսափեք ավելորդ ֆիզիկական և սեռական ակտիվությունից. սովորականից ավելի հանգիստ ռեժիմ պահպանեք:
Ատամները նրբորեն մաքրեք փափուկ խոզանակով: Խուսափեք վերին շրթունքի վրա կատարվող մանիպուլյացիաներից, որպեսզի չդիպչեք քթին:
Առնվազն 10-14 օրվա ընթացքում խուսափեք երկարատև հեռախոսային խոսակցություններից և ակտիվ սոցիալական աշխատանքներից:
Երեսը կարելի է լվանալ, բայց պետք է զգույշ լինել գիպսից:
Աշխատեք 1 շաբաթվա ընթացքում չծիծաղել և չկատարել էքստենսիվ միմիկայի շարժումներ:
Մազերը 1 շաբաթվա ընթացքում մի լվացեք, եթե մեկ այլ ոք չի օգնում ձեզ դրանում: Ոչ մի դեպքում գիպսը չթրջեք:
Մեկ շաբաթվա ընթացքում կրեք այնպիսի հագուստ, որը կարելի է հեշտ հագնել և հանել: Խուսափեք սվիտերներ և վզավոր բլուզներ(վադալազկա) հագնելուց:
Վիրահատությունից հետո 6 շաբաթվա ընթացքում բացարձակ հակացուցված է արևի ճառագայթների տակ մնալ:
Մեկ ամսվա ընթացքում լողով մի զբաղվեք:
Գիպսը հեռացնելուց հետո քիթը, աչքերը և վերին շրթունքը կարող են այտուցված և կարմրած լինել. դրանից անհանգստանալ պետք չէ, այդ ամենը սովորաբար անցնում է 2-3 շաբաթից:
Ընդունեք միայն ձեր բժշկի նշանակած դեղամիջոցները:
Առնվազն 4 շաբաթվա ընթացքում մի կրեք օպտիկական կամ արևային ակնոցներ, որոնք կարող են ճնշել քթի մեջքը: Անհրաժեշտության դեպքում մենք կտանք համապատասխան ցուցումներ, թե ինչպես ակնոցը ամրացնել ճակատին, որպեսզի այն չճնշի քթի մեջքը:
Կոնտակտային լինզաները կարելի է օգտագործել վիրահատությունից 3-4 օր հետո:
Գիպսը հեռացնելուց հետո պետք է քթի մաշկը նրբորեն մաքրել լոսյոնով: Աշխատեք նրբորեն: Կոսմետիկա կարելի է օգտագործել գիպսը հեռացնելուց անմիջապես հետո: Ավելորդ ռիսկի մի գնացեք: Եթե ձեզ անհանգստացնում է որևէ հարց, անպայման զանգահարեք ինձ՝ հետևյալ համարով՝ (055) 33-02-10 կամ (091) 33-02-10: